Գինեսի ռեկորդների գրքի նոր` թվով 57-րդ հրապարակման մեջ, որն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում վաճառքի կհանվի սեպտեմբերի 13-ից, տեղ են գտել ապշեցնող հնարավորություններով մարդիկ եւ կենդանիներ:

Ինչպես գրում է բրիտանական  The Daily Mail թերթը,  ամերիկյան Մասաչուսեթս նահանգում բնակվող 24-ամյա Մուստաֆա Իսմայիլի մկանների շրջագիծը 78 սմ է կազմում: Ներկայիս ռեկորդին հասնելու համար Իսմայիլը պարապել է 10 տարի շարունակ` օրական երկու անգամ:

Ռեկորդակիրների շարքում հայտնվել է նաեւ ամենածեր մարմնամարզուհին` ֆիզկուլտուրայի նախկին 86-ամյա ուսուցչուհին` գերմանական Լեյպցիգից  Իոհան Կասսը: Կասսը արդեն 11 մեդալ է նվաճել ծեր մարզիկների շրջանում:

Աշխարհի ամենածանր մարմնամարզուհի է ճանաչվել սումոյի մարզիկ լոնդոնցի Շարրան Ալեքսանդերը, ում քաշը կազմում է 203,2 կգ:

Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակության մեջ  մտել է նաեւ ամենախոշոր ձին: Մեծ Ջեյկ անվամբ 9-ամյա բրիտանական կենդանու հասակը հասնում է գրեթե 213 սմ-ի (ձիերի միջին բարձրությունը հասնում է 160 սմ-ի): Արչի անվամբ երկամյա ցուլը, ընդհակառկը, աչքի է ընկնում իր  փոքր չափերով. Նրա հասակը 76 սմ է կազմում, հայտնում է NEWSru.com-ը:

Բարբի տիկինիկների ամենախոշոր հավաքածուն պատկանում է 52-ամյա Բետտինա Դորֆմանին Գերմանիայից: Կինը իր առաջին տիկնիկը գնել է 1993 թ-ին: Ներկայումս նրա հավաքածուի մեջ կան մոտ 15 հազար բարբի տիկնիկներ:

Ռեկորդների գինեսի գիրքը լույս է տեսնում աշխարհի ավելի քան 100 երկրներում` 22 լեզուներով: 2013 թ-ին հրատարակիչները պատրաստվում են վաճառել գրքի մոտ 2,7 միլիոն օրինակ: