NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «EurActiv» կայքում հրապարակված «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի հոդվածը, ով պնդում է, որ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ կողմից պատժամիջոցներ պետք է կիրառվեն` Ռամիլ Սաֆարովի նկատմամբ իր քայլերի համար:
Եվրոպական եւ միջազգային այլ կազմակերպություններ աննախադեպ կերպով իրենց համերաշխությունը հայտնեցին Ադրբեջանին եւ դատապարտեցին Ադրբեջանի վերջին սադրանքը:
Ինչո՞ւ են զգացմունքներն այդքան ինտենսիվ այս գործում եւ ինչո՞ւ դա պետք է հուզի Եվրամիությանը: Առաջինը` այն պատճառով, որ սպանությունն ու դատապարտումը տեղի էր ունեցել ԵՄ անդամ երկրում, որը մինչեւ վերջին պահը Հայաստանին վստահեցնում էր, թե արտահանձնում չի նախատեսվում: Հիմա Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները դադարեցված են, եւ ԵՄ հետ ասոցացման համապարփակ համաձայնագրի ստորագրումից ի վեր Հայաստանը զգում է, որ իրեն ԵՄ-ն հուսախաբ է արել, որը թույլ է թվում նման իրադարձությունները կանխելու համար: Երկրորդը, այն պատճառով, որ ԵՄ անդամ երկրի իրավաչափ որոշումը շրջանցել է երրորդ երկիրը, եւ դե ֆակտո խոչընդոտում է ԵՄ-ին կյանքի կոչել իր իրավական վճիռները:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը երրորդ պատճառն է, թե ինչու Եվրոպան պետք է անհանգստանա, քանի որ դա արդեն «սառեցված հակամարտություն» չէ` չնայած գործող հրադադարի ռեժիմին:
Եթե այդ հակամարտությունը նմանտիպ ճգնաժամերի պես նորից բռնկվի, Եվրոպան ստիպված կլինի շատ հարաբերություններում թանկ վճարել: Նավթի գները կավելանան, փախստականների հոսք կսկսվի դեպի Եվրոպա, եւ այն, ինչ Հարավային Կովկասում կառուցվել է վերջին 20 տարվա ընթացում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով, կավերվի:
Նման դաժան մարդասպանին ներման արժանացնելը եւ նրան հրապարակավ մեծարելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցուցադրական անհարգալիւց վերաբերմունք եվրոպական արժեքների եւ ԵՄ նկատմամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի կողմից դատապարտումներից հետո արդեն պետք է իրական աշխատանքն սկսվի: Առաջին հերթին Սաֆարովը պետք է հայտնվի Եվրապոլի եւ Ինտերպոլի ցուցակներում, որպեսզի նա չկարողանա Ադրբեջանից բացի որեւէ այլ երկիր տեղափոխվել: Երկրորդ` Հայաստանն ու Հունգարիան պետք է կուլիսային աշխատանք տանեն` իրենց պատմական լավ հարաբերությունները վերականգնելու համար: Երկու երկրներն էլ քրիստոնեական երկրներ են եւ դարպաս` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Երրորդ` ԵՄ-ն պետք է վերանայի եւ բարեփոխի իր մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ` նրան ավելի քննադատաբար մոտենալով, քան Բելառուսին:
Եւ, վերջապես, Հայաստանը պետք է խելացի պատասխան քայլեր գտնի` չհայտնվելու հակասադրանքի ծուղակը, ինչի հույսը, անշուշտ, ունի Ադրբեջանը:
Եվրոպայի արեւելյան ծայրամասում նոր պատերազմը նման չի լինի 1990-ականների սկզբի պատերազմին եւ ողբերգական հետեւանքներ կունենա Եվրոպայի եւ տարածաշրջանի համար: Դրանից խուսափելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ խրախուսվող այլատյացությունը եւ այդ երկրում ազգայնականության աճը պետք է զսպվեն եւ Եվրոպայի ու միջազգային հանրության կողմից վճռական պատասխան ստանան:





























