Եվրախորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին ընդունել է «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործը» բանաձեւը։

Բանաձեւը ներկայացվել է խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից։ Քննարկումների ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներից շատերն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանության կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը եվրոպական կոնվենցիայի ոգուն չի համապատասխանում։ Նրանք նաեւ դատապարտել են Ադրբեջանում Սաֆարովի հերոսացումը՝ անվանելով հերոսացման փաստը՝ «շոկ քաղաքակիրթ աշխարհի համար»։

Մասնավորապես ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկն իր ելույթում ընդգծել է, որ հունգարական իշխանությունը պատասխանատվության իր բաժինն ունի արտահանձմանը հաջորդած իրադարձություններում։ Նրա խոսքով՝ Հունգարիան տեղյակ է եղել, թե ինչ իրադարձություններ են հաջորդելու, սակայն Հունգարիայի վարչապետը անտեսել է դրանք, եւ հնարավոր է, որ Ադրբեջանի հոտ գաղտնի գործարք է կնքել, որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս բերի։ «Սաֆարովը հայ գործընկերոջը սպանել է ոչ թե մարտի դաշտում, այլ ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարում։ Ես հասկանում եմ Հայաստանի իշխանությունների վրդովվածությունը»,- ասել է Սլովակիայի պատգամավոր Յարոսլավ Պաշկան։

Մի քանի խորհրդարանականներ, այնուամենայնիվ հայտարարել են, որ բանաձեւի ընդունումը ավելի կսրի ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադրությունը։