Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվական դաշտն ու փորձագիտական շրջանակները ներկայում ամենայն հետևողականությամբ լուսաբանում են Սիրիայի շուրջ ծավալված գործընթացները՝ ուշադրության թիրախում պահելով հիշյալ գործընթացներում ներգրավված տարածաշրջանային ուժերին և առաջին հերթին Թուրքիային:

Ըստ այդմ՝ ակնհայտ է դառնում, որ «սիրիական անդունդի» տարբեր եզրերին կանգնած ԻԻՀ-ի և Թուրքիայի փոխհարաբերություններում առկա ճեղքվածքը շարունակականորեն խորանում է: Իրանական ԶԼՄ-ների և իրանցի վերլուծաբանների արտահայտած կարծիքներում առկա է հատկապես այն մտահոգությունը, որ Սիրիայի հարցում երկու երկրների միջև բարդ հարաբերությունները թևակոխում են վտանգավոր շրջափուլ, որտեղ Թուրքիան փորձում է օգտագործել տարածաշրջանային գործընթացներին՝ Իրանի համար բացարձակապես անընդունելի մեթոդներով միջամտելու ցանկացած առիթ:

«Անչափ մտահոգիչ է Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան Սիրիայի հետ իր սահմանների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով պատրաստվում է օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից» ,-գրում է իրանցի վերլուծաբան Հաթեֆ Փուրռաշիդին: Ըստ վերջինիս՝ թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովման համար ընդհանրապես չկա ՆԱՏՕ-ի զորքերի միջամտության անհրաժեշտություն: Իրանցի վերլուծաբանը հանգում է այն եզրակացության, որ Թուրքիան պարզապես ձգտում է ճանապարհ հարթել ՆԱՏՕ-ի զորքերի համար, որը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային կայունությունը:

«Թուրքիան հովանավորել ու շարունակում է աջակցել Սիրիայի հակակառավարական ուժերին՝ վտանգելով իր հարաբերությունները երկու կարեւորագույն հարեւանների՝ ԻԻՀ-ի և ՌԴ-ի հետ, միաժամանակ որդեգրելով «Արեւմուտքին հպատակվելու քաղաքականություն»: Սակայն Թուրքիայի համար հիշյալ քաղաքականության արդյունավետությունը թերևս վիճելի հարց է» , - գրում է «Իրան և Եվրասիա հետազոտությունների կենտրոնի» ավագ փորձագետ Շաիբ Բահմանը: Իրանցի փորձագետը նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սիրիայի օդային տարածքում թուրքական «F-4» ինքնաթիռի կործանման մասին: Այդ միջադեպը, ինչպես նկատել է փորձագետը, հարվածել է Թուրքիայի հեղինակությանը ՆԱՏՕ-ի և ԱՊԼ-ի երկրների շրջանում և կասկածի տակ դրել Թուրքիային աջակցելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը: Վերոհիշյալ միտքը պարզաբանվում է այն հանգամանքով, որ «F-4» կործանիչի հետ կապված միջադեպից հետո ՆԱՏՕ-ն որևէ լուրջ հակազդող գործողություն չի ձեռնարկել հօգուտ Թուրքիայի, մինչդեռ համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս կազմող պետության հանդեպ ցանկացած բռնարարք որակվում է որպես ոտնձգություն ողջ Դաշինքի նկատմամբ:

«Թեև Ռ. Թ. Էրդողանի կառավարությունը նպատակ է ունեցել Թուրքիա-Սիրիա սահմանին ստեղծել անվտանգության գոտի, սակայն այդ քաղաքականությունը ձախողվել է. Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների անընդմեջ հարձակումները Թուրքիայի տարբեր քաղաքների վրա ոչ միայն պատճառ են դարձել երկրում անկայուն իրավիճակի ստեղծման, այլեւ հարցականի տակ են դրել Էրդողանի կառավարության ունակություններն ազգային անվտանգության խնդիրների լուծման համատեքստում: Եթե նախկինում Թուրքիա-Սիրիա սահմանի անվտանգությունը հաջողությամբ հսկել են սիրիական զորքերը, ապա ներկայում մի շարք սահմանային անցակետերում նրանց տեղը զբաղեցնում են ՔԱԿ-ի զինյալները: Ներկայում ՔԱԿ-ը և նրա սիրիական ճյուղավորումը (Ժողովրդավարական միություն կուսակցություն) իրենց վերահսկողության ներքո են պահում Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան քրդաբնակ Աֆրին (Հալաբ նահանգում), Ղամեշլի, Հասքե, Ռաս օլ-Էյն, Մալեքիե շրջանները», - նշում է Շ. Բահմանը՝ մատնանշելով Թուրքիայի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական ուղղության ձախողումները:

Իրանցի փորձագետը Սիրիայում Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորման գործունեության ակտիվությունը որոշակիորեն պայմանավորում է թուրքական քաղաքականությամբ: Ըստ նրա՝ Ալ-Կաիդայի կողմից սիրիական Բաբ օլ-Հավա սահմանային շրջանի և թուրք-սիրիական սահմանի նկատմամբ վերահսկողություն սահմանելը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի հովանավորությամբ գործող սիրիական «ընդդիմադիրները» գրավել են վերոնշյալ շրջանը:

Հատկանշական է, որ Սիրիայի հարցում ԻԻՀ-ի հակաթուրքական քարոզչությունն ուղեկցվում է սիրիական խնդրի լուծման իրանական առաջարկությունների ակտիվ շրջանառմամբ, որոնք, ինչպես համոզված են Իրանում, առավել իրատեսական և կենսունակ են: Իրանի կողմից իրականացվող քայլերից մեկը Թեհրանում օգոստոսին կազմակերպված Սիրիայի բարեկամ երկրների խորհրդակցական վեհաժողովն էր՝ 27 երկրների մասնակցությամբ:

Այդ կապակցությամբ Իրանի Մեջլիսի պատգամավոր Սեյեդ Մոհամադ Ալի Մուսավին կիսվել է կարծիքներով իրանական «Tabnak» գործակալության լրագրողի հետ. «Թեհրանում կազմակերպված Սիրիայի բարեկամ երկրների խորհրդակցական վեհաժողովի արդյունքները շատ ավելի շոշափելի կլինեն, քան միևնույն նպատակին ծառայող Անկարայի վեհաժողովինը: Վերջինիս խնդիրն է օրինականացնել հարևան երկրի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, այնինչ Թեհրանի խորհրդակցական վեհաժողովն իր առջեւ դրել է երեք կարևորագույն խնդիր՝ բռնությունների դադար, Սիրիայում ազգային համերաշխության համար համապատասխան պայմանների ստեղծում, մարդասիրական օգնության առաքում Սիրիայի ժողովրդին: Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որոնք Իրանի կողմից արվող առաջարկություններն առավել ընդունելի կդարձնեն աշխարհի մուսուլմանների և բոլոր երկրների ազատ քաղաքացիների համար»:

Ուշագրավ է ԻԻՀ-ի օրենսդիր մարմնի ղեկավար Ալի Լարիջանիի՝ սեպտեմբերի 3-ին արաբական «Almayadin» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է Թուրքիայի թեմային. «Իրանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները շարունակական բնույթ են կրում, բայց թշնամանք մեր միջեւ չկա: Արևմուտքը ձգտում է երկպառակություններ հրահրել տարածաշրջանային երկրների միջև, բայց վերջիններս չպետք է բարձրացնեն հիշյալ գործողությունները քաղաքական հարաբերությունների մակարդակ»:

Դժվար չէ Իրանի Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի խոսքերից հասկանալ այն մտավախությունը, որ Թուրքիայի և Իրանի միջև «շարունակական բնույթ կրող տարաձայնությունները» կարող են վերածվել սուր թշնամանքի, առավել ևս, որ, ինչպես տեսնում ենք առանձին դեպքերում, Թեհրանը պատրաստ է աննախադեպ ակտիվություն դրսևորել Սիրիայի հարցում՝ դիտարկելով խնդիրն արևմտյան ռազմաքաղաքականության համատեքստում:

Ռուդիկ Յարալյան