Այն ժամանակ, երբ ոչ մի նախանշան չկա, որ պատերազմը կարող է վերսկսվել, Ռամիլ Սաֆարովի գործը ցույց է տալիս, որ իրական խաղաղությունը այնքան հեռու է, որքան երբեւէ։ Այս մասին նշված է Associated Press գործակալության «Կացնով մարդասպան Սաֆարովին ներում շնորհելը պատերազմի վախ է ներշնչում» հոդվածում։
Հրապարակման մեջ մասնավորապես նշված է, որ տարածաշրջանում լարվածությունը մտահոգում է թե Ռուսաստանին, եւ թե Արեւմուտքին, որոնք մրցակցում են տարածաշրջանում ազդեցության համար, իսկ Հարավային Կովկասը դիտարկվում է Եվրոպայի եւ Իրանի միջեւ անվտանգության գոտի, ինչպես նաեւ ունի առանցաքային դեր նավթի համաշխարհային շուկայում։
Հոդվածի հեղինակները մանրամասնորեն ներկայացնում են մարդասպանության դրվագները։ «Ծխախոտ եւ սնունդ գնելու խանութի ճանապարհին Սաֆարովը նաեւ կացին է գնել։ Տնային աշխատանքը կատարելուց երկու օր անց, ադրբեջանցին, համաձայն նրա ցուցմունքի, սրել է կացինը, մի քանի գլանակ ծխել, միջանցքում սպասել մինչեւ առավոտյան ժամը 5-ը, որպեսզի զոհը խորը քուն մտներ։ Սաֆարովը բացել է լեյտենանտ Մարգարյանի սենյակի դուռը, վառել լույսը եւ կացնով 26 հարված հասցրել նրան։ Երբ ամեն ինչ վերջացել է, մինչեւ պետք է կանչեր ադրբեջանցի մյուս սպային, որ պարծենար արարքով, Սաֆարովը Մարգարյանի սենյակակից հունգար սպային ասել է, թե նրան չի վնասի։ Նա կրկին ծխել է, իսկ գլանակի մնացորդը նետել դիակի վրա, ապա դուրս եկել սպանելու քնած մյուս հայ սպային»,- նշված է հոդվածում։
Associated Press-ի հետ հարցազրույցում՝ մարդասպանից փրկված մյուս հայ սպան՝ Հայկ Մակուչյանը պատմել է, որ Սաֆարովը ցանկացել է բացել դուռը, սակայն սպանությունը կանխել է Մակուչյանի սենյակակիցը։
Սաֆարովի խոսքով՝ հայ սպան ծաղրել է իրեն ու իր սովորույթները, ինչպես նաեւ Ադրբեջանական դրոշը։ «Այս պնդումները չեն հաստատվել դատարանում, եւ դատավորը մերժել է դրանք»,- ընդգծել հոդվածի են հեղինակները։





























