Լիբիայի հատուկ ծառայությունները մի քանի մարդ են ձերբակալել, որոնք հնարավոր է մասնակցություն են ունեցել Բենղազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման եւ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության մեջ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Լիբիայի ներքին գործերի նախարար Վանիս ալ Շարեֆը հաստատել է լուրը, սակայն չի նշել ձերբակալվածների հստակ թիվը՝ նշելով, որ տեղեկությունը հնարավոր է խոչընդոտի հետաքննությանը։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման գործի կապակցությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկված են Լիբիայի ՆԳՆ եւ արդարադատության նախարարության աշխատակիցներ։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լիբիայի Բենղազի քաղաքում սեպտեմբերի 11-ին «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից վիրավորված մահմեդականները բողոքի ակցիա են կազմակերպել, եւ հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը, ինչի արդյունքում սպանվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ եւս 3 ԱՄՆ քաղաքացի։ Նույն գիշեր Կահիրեյում ամբոխը հարձակվել է Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ ավելի ուշ հարձակումներ են տեղի ունեցել Թունիսում, ինչպես նաեւ Եմենում։
Նշենք, որ չորսն էլ «արաբական գարնան» արդյունքում իշխանափոխություն իրականացրած երկրներ են։





























