Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի աշխարհագրական դիրքով եւ այն տարածաշրջանին մոտ գտնվելով, որտեղ ահաբեկչություններ են տեղի ունենում, NEWS.am-ին հայտնեցին ԱՄՆ պետքարտուղարությունում` մեկնաբանելով ԱՄՆ քաղաքացիների համար հնարավոր սպառնալիք ներկայացնող երկրների ցանկում Հայաստանին ներառելու մասին տեղեկությունը:
«Դա ստանդարտ ընթացակարգ է, որն օգտագործվում է ահաբեկչություններից հետո, եւ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների թիվը, որոնք նման նախազգուշացում են արել քաղաքացիներին, անցնում է 50-ը»,-հայտարարեց պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` Հայաստանին այդ ցուցակում ընդգրկելը որեւէ հատուկ պատճառով պայմանավորված չէ, այլ առաջին հերթին հաշվի է առնվել երկրի աշխարհագրական դիրքը:
Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Լիբիայում եւ Եգիպտոսում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներից հետո դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է ահաբեկչական ակտերի եւ բռնության սպառնալիքի մասին: Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի «Կահիրեում ԱՄՆ դեսպանատան եւ Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո, ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգոն մնալ»:
Ինչպես հաղորդվել էր, Հայաստանում ԱՄՆ դեսանատունը, ի թիվս Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում եւ Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատների, նախազգուշացում է ստացել հնարավոր սպառնալիքի եւ հակաամերիկյան բողոքի ակցիաների մասին` Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա գրոհից հետո, որի ժամանակ սպանվել էր դեսպանն ու եւս երեք դիվանագետ:





























