Ներկոնգրեսյան տարաձայնությունների, «ձնագունդն» օրեցօր մեծանում է` իր մեջ առնելով նաեւ խմբակցության անդամների հակադրությունները: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Ընդդիմադիր թեւի այս պահվածքը հին պատմություն ունի եւ ծայր է առել շատ վաղուց: Մեր աղբյուրի պնդմամբ, սա պայմանավորված չէ ոչ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ոչ էլ այս կամ այն գործընթացով: Խնդիրն այն է, որ այն կոնգրեսականները, ովքեր ժամանակին մի կերպ միմյանց ներկայությունը ՀԱԿ-ում տարել են, այսօր այլեւս դրա իմաստը չեն տեսնում:

Հակադրությունների ալիքը հստակ ընդգծվում է նաեւ նրանց հրապարակային ելույթներում, երբ որդեգրած քաղաքականության հանդեպ լիովին տարբեր մոտեցումներ են հնչում: Բազմիցս այս հանգամանքը կոնգրեսականները փորձել են «ծրարել» «բազմակարծության» քողի տակ:

Սակայն, ըստ թերթի աղբյուրի, առաջիկայում ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նոր փորձություն է սպասում, եթե նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանն առաջադրվի, վերջիններս ստիպված են միմյանց ներկայությունը դեռ «ըմբոշխնել», եթե ոչ, ինչպես նշում է մեր աղբյուրը, չի բացառվում անգամ կառույցի «տրոհումը»»,- գրում է «Իրատես de facto»-ն։