Եմենում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման արդյունքում զոհերի եւ տուժածների թիվն աճում է։ Ըստ հատուկ ծառայությունների տվյալների` 4 մարդ սպանվել եւ 34-ը վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին:
Եմենի Սանա մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ բախումները շարունակվել են սեպտեմբերի 13-ի առավոտվանից մինչեւ երեկո: Տեղի բնակիչները բողոքոմ են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: Նրանք ներխուժել են դեսպանատուն եւ այրել այնտեղ գտնվող մի քանի մեքենա: Եմենյան ուժայիններն ստիպված են եղել օդ կրակել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
ԱՄՆ-ի դեմ ուղղված նմանատիպ ակցիաներ տեղի են ունենում Եմենում, Եգիպտոսում, Իրանում: Լիբիական Բենգազի քաղաքում նույնիսկ զոհվել էր ամերիկյան դեսպանը:
Եմենյան առաջնորդ Աբդ Ռաբբո Հադին ներողություն է խնդրել ԱՄՆ-ից եւ հրամայել է հետաքննություն սկսել: Այժմ դեսպանատան մերձակայքի անկարգությունները հաջողվել է դադարեցնել:











