ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմը, որը զանգվածային անկարգությունների է հանգեցրել իսլամական աշխարհում: Նա ֆիլմը վիրավորական է համարել մահմեդականների համար՝ նշելով, որ այն հատուկ ստեղծված ատելություն հրահրելու համար: 

«Նա դատապարտում է ատելությամբ լեցուն ֆիլմը, որը միտումնավոր ուղղված է եղել անհանդուրժողականության եւ արյունահեղության հրահրմանը», - ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նաեւ  «լուրջ անհանգստություն» է հայտնել Լիբիայում եւ Մերձավոր Արեւելքում բռնկված բռնության վերաբերյալ: Նա բոլորին կոչ է արել «հանգստություն եւ զսպվածություն դրսեւորել՝ ընդգծելով երկխոսության, փոխադարձ հարգանքի եւ  ըմբռնման  անհրաժեշտությունը»:

«Իսլամի անմեղությունը» ֆիլմը արաբական երկրներում ամերիկյան դեսպանատների վրա հարձակումներ էր հրահրել, ինչի հետեւանքով լիբիական Բենգազի քաղաքում սպանվել էին ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ եւս 3 մարդ:  Հարձակումներ են եղել նաեւ Եգիպտոսում եւ Թունիսում: Ցույցեր են տեղի ունենում նաեւ Եմենում եւ Իրանում: