Ադրբեջանական բանակի այսպես կոչված «սպա» Ռամիլ Սաֆարովի ազատումը միանգամայն ապակառուցողական ժեստ էր, որը հողին հավասարեցրեց հայ-ադրբեջանական հակամարտությունը հարթելու բարեխիղճ ջանքերը: Այդ մասին ասված է ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովի նամակում, որն ուղարկվել է Յուրի Նավոյանին եւ Ռուս-հայկական համագործակցության անդամներին:
«Որպես ՌԴ Հանրային պալատի անդամ, որպես իրավաբան-միջազգայնագետ եւ միջազգային իրավունքի ու միջպետական հարաբերությունների փորձագետ, խոր վրդովմունք եմ հայտնում ադրբեջանական բանակի այսպես կոչված «սպա» Ռամիլ Սաֆարովին լկտիաբար եւ անխղճորեն ազատելու կապակցությամբ:
Իմ պարտքն եմ համարում հայտնել, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի քաղաքական իշխանությունների տվյալ քայլը միանգամայն ապակառուցողական ժեստ էր, որը հողին հավասարեցրեց հայ-ադրբեջանական հակամարտությունը հարթելու բարեխիղճ ջանքերը: Տխրահռչակ ոճրագործի ազատումն ու մեծարումը, որն արժանիորեն դատապարտվել էր քնած մարդու հրեշավոր սպանության համար, անարգանք է զոհված սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին եւ նրա մերձավորների ողբերգությանը:
Աջակցություն եմ հայտնում եղբայրական հայ ժողովրդի ոչ անտարբեր բոլոր ներկայացուցիչներին` արդարության եւ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաղթանակմանն ուղղված իրենց պայքարում:





























