Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Նիկոսիայում, ժամանումից անմիջապես հետո, Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասել է, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, եւ ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա եւ աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ նախագահին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները եւ նշել, որ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:
Կիպրոսի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել էին, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, եւ որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության բարձր մակարդակով: Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը եւ նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, եւ ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորել է 2011թ. ՀՀ Նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական եւ արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին: Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրել է նաեւ եվրագոտու ճգնաժամի հետեւանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին: ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպմանը անդրադարձ է արվել Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին ներկայացրել է հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ եւ միանշանակ արձագանքը:
Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաեւ Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին եւ ժողովրդին:




























