Pussy Riot խումբը Ռուսաստանում ճանաչվել է տարվա լավագույն արտ-նախագիծ: Աղջիկներն արժանացել են «Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակի, որը հանձնել է «Սնոբ» ամսագիրը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցում:

Ժյուրիի անդամների կազմում են եղել արվեստաբան Մարատ Գելմանը, «Ալֆա բանկի» ղեկավար Պյոտր Ավենը, տեսաբան Արինա Բորոդինան, «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը, գրում է «Էխո Մոսկվին»: Կոչման համար Pussy Riot-ից բացի եւս չորս թեկնածուներ էին պայքարում:

Հաղթողներին հայտարարել են Քսենիա Սոբչակը եւ Լեոնիդ Պարֆյոնովը:

Ինչպես հաղորդում է «Սնոբի» կայքը, հաղթողներին հայտարարելուց հետո դահլիճից մեկը բղավել է «ամո'թ»: Լրագրող Քսենիա Սոկոլովան իսկույն հստակեցրել է, որ կազմակերպիչներին հեշտ չի տրվել այդ որոշումը:  «Մենք չենք պաշտպանում նրանց ակցիան, սակայն պետք է ներողամտություն ցուցաբերել»:

Սոբչակը նշել է, որ փանք խմբի մասնակիցները չեն կարող ներկա գտնվել օբյեկտիվ պատճառներով: