«Օրինաց երկիր» կուսակցությունը Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պասիվ մասնակցություն է ունեցել, բայց բավականին լավ արդյունքներ է ունեցել, քանի որ իրենց համայնքի ղեկավարները վերընտրվել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով, ամբողջական պատկերը կերեւա բողոքարկումներից հետո :«Դուք գիտեք, որ լարվածություն կա, աղետի հետեւանքները վերացված չեն, հետեւաբար բավական դժվար է ՏԻՄ ղեկավարների համար, որ առանցքային խնդիրներ լուծեն եղած բյուջեյով: Բայց այս ընտրություններում 25 հազարով ավելի քիչ ընտրող մասնակցեց: Այսինքն պասիվ էին այս ընտրությունները»,- նշեց Հովհաննես Մարգարյանը եւ չցանկացավ պատասխանել` շնորհավորե՞լ է Սամվել Բալասանյանին, թե՞ ոչ, բայց մաղթեց, որ այն ծրագրերը, որ նա ունի, կարողանա կյանքի կոչել:
Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ը ընտրություններից հետո տարածքային կազմակերպություններում անդամակցելու խնդիրը բավականին դժվարեցրել է:«Այս առումով մեզ մոտ սկզբունք է , որ երկու ամիս պետք է փորձաշրջան անցնեն: Չգիտեմ ինչ կտա, բայց կարծում եմ, որ որոշակիություն կմտցվի»,- տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը եւ ավելացրեց, որ, ցավոք սրտի, աշխարհում օդանավակայանների այն սարքավորումներից չկա, որ երկաթի առկայության դեպքում ազդանշան հնչեցնի եւ իրենք հասկանան, թե տվյալ քաղաքացին ինչ նպատակով է ցանկանում անդամագրվել կուսակցությանը: Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ իրենք ընտրություններից առաջ ունեցել են 170 հազար կուսակցական, բայց ստացել են դրա 50 տոկոսի չափ ձայն: ՕԵԿ-ական ԱԺ պատգամավորը վերահաստատեց, որ իրենք նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:





























