Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին Երեւանի թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցությունը կառաջադրի Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը: Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնլ է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հարցին, թե «Ժառանգությունից» ով կառաջադրվի Գյումրիի 35-րդ ընտրատարածքում. Հակոբյանն ասել է, որ այդ թեման առայժմ չի քննարկվել:
Հիշեցնենք, Հայաստանի խորհրդարանի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում ընթերցվեց ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Եթե Հայրապետյանը 15 օրվա ընթացքում հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի ընդունված, եւ նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն:
Դիմումը Հայաստանի խորհրդարանի խոսնակին Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է հուլիսի 4-ին: Հայրապետյանի հաժարականի պատճառը վերջինիս պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հայ զինբժիշկ Վահե Ավետյանի գազանաբարո սպանությունն էր: Ինչ վերաբերում է Գյումրիի 35-րդ ընտրատարածքին, այդ տարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել է Գյումրիի քաղաքապետ:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի




























