Օգոստոսի 17-ից սեպտեմբերի 13-ը ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացվեց «Անհատ կատարողների օրեր» խորագրով համերգաշարը: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասական, ջազային երաժշտություն սիրող ունկնդիրների համար հիանալի հնարավորություն էր ստեղծվել վայելել այն հայազգի կատարողների ելույթները, որոնք որպես երաժիշտ կայացել ու հռչակ են ձեռք բերել արտերկրում: Այս օրերին Հայաստան էին ժամանել Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա), Հակոբ Քոլանյանը (Հունաստան), Հենրիկ Կարապետյանը (ԱՄՆ), Սոնա Տալյանը (Գերմանիա), Տիգրան Մարտիկյանը (ԱՄՆ), Սուրեն Բարին (Կանադա):
Համերգաշարը եզրափակեց Կանադայից ժամանած 22-ամյա Սուրեն Բարին: Դեռևս 12 տարեկանում Սուրեն Բարին ձեռք է բերել վիրտուոզ կատարողի համբավ:
Սուրենը ծնվել է 1990-ին՝ Մոնրեալում, կրթություն է ստացել Օտտավայում: Դաշնամուրի դասերի է հաճախել 5 տարեկանից, երաժշտական կրթություն ստացել է նախ Կանադայի Գլեն Գուլդի անվան Թագավորական երաժշտական դպրոցում, ապա՝ Օտտավայի Քարտլոն համալսարանում: Երաժշտական գործունեության ընթացքում մրցանակների և պատվոգրերի է արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում ու միջազգային փառատոններում:
Սուրեն Բարրին Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ: Հայ հանդիսատեսը հիացմունքով էր լսում Բեթհովենի, Ռավելի, Շումանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները նրա կատարմամբ:
Մենագամերգի ավարտին «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագիր հանձնեց Սուրեն Բարիին:





























