Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության եւ զոհերի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Նախագահ,
Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք ամերիկացիներ:
Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին եւ ամերիկյան կառավարությանը, այլեւ ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսեւորումներով:
Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների եւ ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը եւ աղոթում զոհերի ու նրանց հարազատների համար»:




























