Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես փակել Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում, Աֆղանստանում եւ Պակիստանում  երկրի դիվանագիտական ներկայացուցչությունները: Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավար Գվիդո Վետսերվելը «խորին մտահոգություն» է հայտնել Եգիպտոսում, Յեմենում, Լիբիայում եւ իսլամական այլ երկրներում ամերիկյան գործընկերների նկատմամաբ ցուցաբերված դաժանության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Spiegel-ը, Վեստերվելը նաեւ կոչ է արել տեղացի իշխանություններին ապահովել գերմանացի դիվանագետների անվտանգությունը արաբական երկրներում: Նախարարը նշել է, որ «Իսլամի անմեղությունը» ֆիլմի պատճառով կրոնավորների վիրավորված զգացմունքները չեն կարող պատճառ հանդիսանալ բռնությունների համար, նշում է «Ռուս» կայքը:

Հիշեցնենք, որ սեպտմեբրի 13-ին Եգիպտոսում եւ Յեմենում ամերիկյան դեսպանատների տարածքում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել: Յեմենում սպանվել է երկու ցուցարար, իսկ սեպտմեբրի 11-ին Բենգազիում` ԱՄՆ-ի դեսպանը եւ դեսպանատան աշխատակիցներ:

Զանգվածային գրոհի պատճառ է դարձել  ինտերնետում հայտնված սիրողական ֆիլմը, որը վիրավորում է իսլամը: