ՀՅԴ-ն խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորներով` նախորդ գումարման 16-ի դիմաց, սակայն ոչ մի տարբերություն չկա, քանի որ բոլորը գիտեն, թե Ազգային ժողովում օրենքներն ինչպես են ընդունվում: Եւ եթե 16 պատգամավորներով անհնար եղավ խորհրդարանական մեծամասնության գործունեությունը կանխելը, 5 պատգամավորների դեպքում էլ այդ մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը նաեւ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ երիտասարդ խորհրդարանականները շողոքորթող հայտարարություններ են անում. «Ես, իհարկե, գիտակցում եմ, որ նրանք երիտասարդ են, բայց դա մեր խորհրդարանին սազական չէ: Նաեւ դժգոհ եմ օրենքներն արագ ընդունելու համակարգից, այն դեպքում, երբ խորհրդարանում պետք է կառուցողական քննարկում ընթանա: Այս պայմաններում ՀՅԴ-ի գործունեությունը կլինի բաց` հիմնված պրոֆեսիոնալիզմի վրա»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























