Հայաստանում «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 15-ին կկայանա ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ գնդապետ Ա. Կուչերենկոն, բացման օրը ռուս դեսանտայինները հանդես կգան ցուցադրական ելույթով` պարաշյուտային ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:
2012թ. սեպտեմբերի 15-19-ի զորավարժությունների ընթացքում կմշակվեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգի գործադրման հարցեր: Այսպես, սեպտեմբերի 15-17-ին կմշակվի համատեղ գործողության ծրագիրը: Սեպտեմբերի 17-ին զորքերի գործնական գլխավոր վարժանքի ընթացքում կկատարվի ԱԱՀՈՒ հրամանատարության եւ ՀԱՊԿ մասնակից-երկրների ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի ստուգում:
Զորավարժանքների հիմնական փուլի նախօրեին` սեպտեմբերի 18-ին, «Դիտման օրվա» շրջանակում նախատեսվում է դիվանագիտական առաքելությունների եւ արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կիրառվող տեղանքի եւ զորքերի գործնական նախապատրաստությունների ցուցադրություն կազմակերպել: Ուսումնամարտական առաջադրանքների կատարման հիմնական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Եզրափակիչ փուլում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման եւ ռազմական հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ արտակարգ իրավիճակի հետեւանքները վերացնելու գործողություն կիրականացնեն ՀԱՊԿ-ի մասնակից երկրների անվտանգության մարմինները (ՆԳՆ, ԱԻՆ, Փրկարարական ծառայություն):
Սեպտեմբերի 7-14-ը գործնական երեք վարժանքներ են անցկացվել, նրանցից երկուսը` մարտական հրաձգության փուլերով: Անցկացվել են նաեւ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ մարզական խաղերի մրցումներ, շախմատի մրցաշար: Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլի եզրափակիչ խաղերը:
Կազմակերպվել են այցեր Երեւանի տեսարժան վայրեր, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ եւ Էջմիածին: Կազմակերպվել է նաեւ համերգ դաշտային պայմաններում` Իվանովոյի օդադեսանտային 98-րդ զորաջոկատի «Սինեւա» վոկալ-գործիքային խմբի մասնակցությամբ:





























