ՀՀԿ-ն խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին Երեւանի 1-ին եւ Գյումրիի 35-րդ ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը չի քննարկել, սակայն երկու ընտրատարածքներում էլ թեկնածուները հանրապետական կլինեն: Այդ մասին խորհրդարանում այսօր` սեպտեմբերի 14-ին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, որ առայժմ անուններ չի նշի: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնի, Սահակյանը խորհուրդ տվեց անձամբ նրան դիմել:
Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցի առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ թեմայով չի զրուցել Հայրապետյանի հետ. «Կարծում եմ, արտահայտված մտքերը շատ կտրուկ էին եւ հարցազրույցում շատ տգեղ էին ներկայացված»: Ի պատասխան հարցին, թե, ճանաչելով Հայրապետյանին, կարող է ասել, որ վերջինս չէր կարող նման կտրուկ արտահայտություններ թույլ տալ, Սահակյանը նշել է «Նա իրեն կարող է ավելի կտրուկ հայտարարություններ թույլ տալ, բայց ոչ այս շրջանակում»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























