Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելը Հունգարիայի դիվանագիտության գերակայություններից է: Այդ մասին լրագրողների հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Հունգարիայի ԱԳՆ-ի ղեկավար Յանոշ Մարտոնին:
«Վարչապետի որոշումը նաեւ կառավարության որոշումն է, հետեւաբար իմաստ չունի վիճել այն թեմայով` արդյոք Սաֆարովի արտահանձնման որոշումը կառավարությունն էր կայացրել, թե վարչապետը»,- ասել է Մարտոնին:
Պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին հարցին` ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, որ օրակարգում դա չկա, գրում է politics.hu պորտալը:
Մարտոնին նաեւ հաստատել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունները կարգավորելու համար Շվեյցարիայից օգնություն է խնդրել:
«Բայց խոսքը դիվանագիտական համատեքստում միջնորդության մասին չէ, իմ շվեյցարացի գործընկերոջ հետ հանդիպմանը ես դա չեմ խնդրել»,- հավելել է Մարտոնին: Նա ընդգծել է, որ ցանկացած օգնություն միայն ու միայն կողջունվի` նշելով Հունգարիայի հայ համայնքի օգնության մասին, որն արդեն առաջարկվել էր:
Նախարարը նաեւ հայտնել է, որ անցած հանգստյան օրերին ԵՄ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում արդեն խնդրել է գործընկերների օգնությունը` ընդգծելով, որ նրանք հասկանում են իրավիճակը եւ տեղեկացված են «խնդրի զգայուն բնույթի» մասին:





























