ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն նամակ է հղել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին` նշելով, որ խորապես կիսում է վրդովմունքը կապված վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ:

Բուքիքիոն նշել է, թե ամբողջությամբ միանում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի` այս առնչությամբ ողջ կազմակերպության անունից արած հետեւյալ հայտարարությունը. «Ռամիլ Սաֆարովը մեղադրվել էր սպանության համար եւ դատապարտվել ցմահ բանտարկության Հունգարիայում:  Սույն թվականի օգոստոսի 31-ին նա տեղափոխվեց Ադրբեջան եւ անմիջապես նրան ներում շնորհվեց: Ես որեւէ կերպ չեմ ցանկանում տրամադրել մեկնաբանություններ իրավական ընթացակարգերի վերաբերյալ,  սակայն գտնում եմ,  որ անընդունելի է,  որ դատապարտված մարդասպանին տրվում է հերոսի կարգավիճակ: Ես հրաժարվում եմ ընդունել աշխարհի այնպիսի հայեցակարգ,  որի բարոյական հիմքերը սասանվում են,  որում մարդկային արժանապատվությունը ժխտվում է:  Սա այն Եվրոպան չէ,  որը Մենք պետք է թողենք մեր ապագա սերունդներին:  Ես խստագույնս դատապարտում եմ հանցագործությունների նմանատիպ փառաբանումը եւ կոչ եմ անում բոլորիս աշխատել միասնաբար,  որպեսզի կարողանանք ապահովել կյանքի իրավունքի հանդեպ հարգանքը, ինչպես նաեւ այն արժեքների պաշտպանությունը, որոնք քարոզում է Եվրոպայի Խորհուրդը»: