12-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ոստիկան Կնյազ Աշոտի Բարսեղյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով` դատի տալու միջնորդությունը ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
ՀՔԾ-ում նյութերը ստանալուց հետո պարզել են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան, Կնյազ Աշոտի Բարսեղյանը 2012թ. հունիսի 26-ին` ժամը 21-ի սահմաններում Արմավիրի մարզի Արմավիր-Երեւան ավտոճանապարհի, վարելով «Ֆոլցվագեն-գոլֆ» ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները, որի արդյունքում վրաերթի է ենթարկել անչափահաս Լեւոն Կարենի Թադեւոսյանին եւ անզգուշությամբ պատճառել մահ: ՀՔԾ-ի փոխանցմամբ` Կնյազ Աշոտի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմանբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: «2012 թվականի սեպտեմբերի 11-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Կնյազ Աշոտի Բարսեղյանի, ՀՀ քրեական օրենսրքի 242-րդ հոդվածի 2-ին մասով` դատի տալու միջնորդությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականցնող դատախազին»,- հայտնեցին նրանք:
Նշենք, որ սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 12-ամյա Լեւոն Թ.-ն, ով Մեծամորի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Հունիսի 27-ին, նրա ծննդյան օրն էր:
Վրաերթի ենթարկողը երեխային թողել էր անօգնական վիճակում եւ դեպքի վայրից հեռացել: Լեւոնը փորձել էր հեծանիվով ճանապարհն անցնել, որի ժամանակ էլ նրան հարվածել էր մեքենան:
Ավելի ուշ Մեծամորի Ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը եւ հայտնել, որ 12-ամյա երեխային վրաերթի է ենթարկել ինքը` նշված մեքենայով:





























