Երեւանի գլխավոր ճարտարապետը Հանրապետության հրապարակում գտնվող  նախարարությունների շենքը հյուրանոցների վերածելու հարցում առարկություններ չունի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին լրագրողներին տեղեկացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Խոսքը վերաբերում է Հանրապետության հրապարակում տեղակայված տրանսպորտի եւ արաքին գործերի նախարարությունների շենքին: Ըստ նրա` այդ շենքերն այնքան էլ հարմար չեն, քանի որ փոքր սենյակներ ունեն եւ շատ մեծ դահլիճներ:

Նա չի հստակեցրել` արդյոք քաղաքապետարանը այդ հարցով բանակցություններ վարել է հավանական ներդրողների հետ: Այնուամենայնիվ, եթե մասնավոր հատվածին առաջարկը պատրաստ լինի եւ հյուրանոցներ կառուցելու ցանկացողներ գտնվեն, ապա ճարտարապետական համալիրի 5 շենքերից երեքը  (բացառությամբ պատկերասրահի եւ կառավարության տան) կդառնան հյուրանոցներ:

Նրա խոսքով` Տրանսպորտի եւ կապի նախարարության մասնավորեցված, աջակողմյան հատվածը (որտեղ տեղակայված է «Կոնվերս բանկի» մասնաշենքերից մեկը) կարող է հետաքրքրել ներդրողներին: Մասնավորապես, այնտեղ հյուրանոց բացելու հարցում հետաքրքրված է «Ararat Park Hyatt» հյուրանոցային ցանցը:

Այդ պարագայում թե ուր կտեղափոխվի նախարարությունը, ճարտարապետը չհստակեցրեց, սակայն ակնարկեց հնարավոր տարբերակներից մեկը` կառավարության գմբեթը (թեեւ այդ տարբերակը չնշեց): Դրա կառուցումը կավարտի Թամանյանի նախագիծը. «Ժամանակին երեւանցիները բողոքում էին, որ գմբեթը չկառուցվեց, ուստի գմբեթի կառուցման մասին որոշումն արդարացված է», –համոզված է Սարգսյանը: