Գործարկումից հետո (2010 թ. հոկտեմբեր) «ՏաԹեւեր» ճոպանուղուց օգտվել է 100 հազ. մարդուց ավելի (ֆոտոռեպորտաժ): Սեպտեմբերի 14-ին ճոպանուղու տնօրինությունը հանդիսավոր պայմաններում նվերներ հանձնեց 100 հազարերորդ այցելուին՝ Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանին: Նա ստացավ Ջերմուկում հանգստանալու 7օրյա ուղեգիր:

«ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հանգստյան եւ ոչ աշխատանքային օրերին ճոպանուղին 800-1000 այցելու է ընդունում: Սեպտեմբերի 1-ի դրությամբ ճոպանուղի է այցելել մոտ 52 հազ. մարդ՝ 1000-ով ավելի, քան 2011 թ, 8 ամսում: Սա այն դեպքում, երբ նմանատիպ կառույցները որպես կանոն առաջին տարուց հետո կորցնում են հետաքրքրությունը դրա նկատմամբ:

Նշենք, որ «Տաթեւեր» ճոպանուղու հարակից տարածքում կատարվել են բարեկարգման աշխատանքներ. «Հալիձոր» կայանի հարեւանությամբ գործում է «Տաթեւատուն» սրճարան-ռեստորանը, տեղադրվել են հեռադիտակներ, մոտ 10 հա կանաչապատվել է, կառուցվել է մանկական խաղահրապարակ եւ այլն: Զբոսաշրջիկների այցելությունների աննախադեպ աճի հետեւանքով միայն Գորիս քաղաքում 2012 թ. 10 նոր հյուրանոց է բացվել: Ներկայում քննարկվում է նաեւ ճոպանուղու մերձակայքում հյուրանոցի կառուցման հարցը:

Հիշեցնենք, որ «ՏաԹեւեր» ճոպանուղին իր դասում (ուղեւորատար, հետադարձելի, երկխցիկ օդային անցուղի) աշխարհում ամենաերկարն է, եւ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում: Ճոպանուղու երկարությունը 5725 մետր է, առավելագույն բարձրությունը 320 մետր (Որոտան գետի մակերեւույթից):

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի