Այսօր` սեպտեմբերի 14-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ընդունեց Հայաստանի Հանրապեությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին, վերջինիս խնդրանքով:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն: «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու  շատ բան ունենք:  Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջեւ փոխշահավետ կապերը դեռեւս հեռու են լիարժեք լինելուց»,- նշեց նա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Չանչունը  նախ գոհունակությամբ  նշեց, որ ընթացիկ տարին առատ տարի է Հայաստանի գյուղատնտեսության  համար, եւ դա նկատելի է, այնուհետեւ խնդրեց  որոշակի տեղեկատվություն` երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների եւ ոլորտների  մասին:

Նախարար Սերգո Կարապետյանը` որպես համագործակցության կոնկրետ ուղղություններ առանձնացրեց գյուղատնտեսության մեքենայացման ոլորտում առեւտրային հարաբերությունների զարգացումը, տրակտորների եւ գյուղատնտեսական գործիքների Հայաստան այլընտրանքային ֆինանսավորմամբ ներկրելու  հնարավորության ուսումնասիրությունը,  ՉԺՀ գործարարների ներդրումներով Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, չինական տեխնոլոգիական սարքավորումների եւ հոսքագծերի մասին հայ գործարարներին տեղեկատվությամբ ապահովելը, բուսաբուծության, կենսատեխնոլոգիաների, հողագործության , պտղաբուծության , անասնաբուծության եւ շերամաբուծության բնագավառներում երկու երկրների գիտնականների փորձի  համատեղումը , ինչպես նաեւ  գյուղացիական կոպերատիվների եւ ապահովագրական համակարգերի ստեղծման, եւ հատկապես, գյուղքատնտեսական հողատեսքերի  արդյունավետ օգտագործման չինական փորձի ուսումնասիրումը:

Դեսպան Չանչունը պատրաստակամություն հայտնեց բարձրացված հարցերի վերաբերյալ բավարար տեղեկատվություն ներկայացնել ՉԺՀ գյուղատնտեսության նախարարությանը եւ փոխանցեց ՉԺՀ գյուղատնտեսության նախարարի հրավերը Սերգո Կարապետյանին պաշտոնական այցով  Չինաստան այցելու մասին: