Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն անգլիական «Guardian» պարբերականին տված հարցազրույցում խոսել է խնդիրների լայն շրջանակից` թուրք-իրականան հարաբերություններից մինչեւ թուրք-իսրայելական հարաբերությունները:

«Կիպրոսի հակամարտության կարգավորման բանակցություններում մենք հասել ենք պատմական պահին, եւ դա է Լոնդոն կատարած իմ այցելության հիմնական պատճառը»,- իր հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով Լոնդոնի դերը բանակցություններում: Նա ասել է, որ Կիպրոսի թուրքական հատվածը անցած շաբաթ ներկայացրել է լայնամասշտաբ փաթեթ, որն իր մեջ ներառում է այսպես կոչված «խաչմերուկային քվեարկությունը»: Այն երկու հատվածների բնակիչներին քվեարկություններին մասնակցելու քվե է տալիս: Չնայած որ Կիպրոսի հունական հատվածը մտադրված է չեղյալ համարել այդ փաթեթը, Դավուդօղլուն պնդում է, որ դա հարցի վերջնական լուծումը չի լինի: «Կիպրոսի հունական հատվածի բնակիչները միշտ ասում են ոչ, այնուհետեւ ասում են չէ, չի կարող պատահել… Այնպես, որ ես լավատեսորեն եմ տրամադրված»,-կատակել է նախարարը: Հակամարտության կարգավորման համար, ինչպես նշել է Դավուդօղլուն, անհրաժեշտ են ոչ միայն Թուրքիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, այլեւ Եվրամիության եւ ՄԱԿ-ի ջանքերը: Նախարարն ընդգծել է, որ այդ հարցով արդեն դիմել է ԱՄՆ պետքարտուղարին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Միեւնույն ժամանակ Թուրքիայի եւ Կիպրոսի հունական հատվածի նախագահները հակամարտությունը լուծելու նպատակով նստել են վեցօրյա բանակցությունների սեղանի շուրջ:

Անդրադառնալով Իրանի թեմային, Դավուդօղլուն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է պահպանել իր բարեկամական հարաբերությունները իր իրանցի հարեւանների հետ: «Իրավիճակն Իրանում այդքան էլ լավ չէ, մենք չենք ուզում, որ Իրանում, Իսրայելում կամ մեկ այլ տեղ լինի միջուկային զենք, սակայն յուրաքանչյուր երկիր խաղաղ նպատակների համար իրավունք ունի զարգացնելու միջուկային ոլորտը: Բացի այդ, Թուրքիան դեմ է Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելուն: Պատժամիջոցներն առաջին հերթին անդրադառնում են սովորական քաղաքացիների եւ հարեւան երկրների վրա»,- հայտարարել է Դավուդօղլուն: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան չի մոռացել Իրաքի փորձը: «Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ակտիվացնել բանակցային գործընթացը ցանկացած հակամարտության շուրջ: Հիմնական խնդիրը երկկողմանի վստահության մասին է»,-ասել է նախարարը:

Դավուդօղլուն նաեւ սուր քննադատության է ենթարկել Իսրայելին: «Երբ Իսրայելը խաղաղ քաղաքականություն է վարում, մենք լավ հարաբերություններ ենք ունենում»,-ասել է նա` հիշեցնելով, որ նախքան Գազայի հատվածում կատարված իրադարձությունները, Թուրքիան իր վրա էր վերցրել Թել-Ավիվի եւ Դամասկոսի միջեւ միջնորդական առաքելությունն ու հասել նշանակալից արդյունքների: «Սակայն Գազայի հատվածում հարվածը փոխել է շատերին, տարածաշրջանում առաջացրել շատ անկայուն իրավիճակ, որի մեջ խճճվել է նույնիսկ Բարաք Օբաման: Եթե Իսրայելը խաղաղություն է ուզում, ապա պետք է հաշվի առնի այն փաստը, որ ուրիշներն էլ իրավունքներ ունեն, որոնք պետք է հարգվեն»,-ասել է Դավուդօղլուն` դադար տալով եւ ժպտալով: «Սակայն երբ գործը Պաղեստինի նկատմամբ Իսրայելի սպառնալիքներին է հասնում, նույնիսկ մեծահոգի Թուրքիայի համբերությունն է հատում»,- պարզաբանել է Դավուդօղլուն":