Բրիտանական թագավորական ընտանիքը դատի է տվել ֆրանսիական Closer ամսագրին, որը հրապարակել էր արքայազն Ուիլյամի կնոջ` դքսուհի Քեյթ Միդլթոնի կիսամերկ նկարները: 

Ըստ BBC-ի` արքայազն Ուիլյամը վրդովվել է, երբ իմացել է հրապարակման մասին: Նա կարծում է, որ հենց պապարացիների գործողություններն են մասնակիորեն եղել իր մոր`արքայադուստր Դիանայի մահվան պատճառը, եւ փորձում է պաշտպանել կնոջը մամուլի անհարկի ուշադրությունից, գրում է rbc-ն:

«Ուրբաթ օրը Ֆրանսիայում հայց է ներկայացվել անձնական կյանքին խառնվելու գործով», - թագավորական պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է AP-ն :

«Այդ լուսանկարները բնավ էլ ցնցող չեն: Այնտեղ երիտասարդ կին է, որն արեւային լոգանք է ընդունում կիսամերկ, ինչպես եւ միլիոնավոր այլ մարդիկ: Նրանք մինչ այժմ համացանցում են եւ ոչ ոքի չեն ցնցում», — մեջբերում է AFP-ն ամսագրի խմբագիր Լորանս Պիոյի խոսքերը, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Closer-ի հրապարակած նկարներն արվել էին ֆրանսիական Պրովանսի  Chateau d`Autet հյուրանոցում:

Նրանցում Ք. Միդլթոնը առանց լողազգեստի վերնամասի է, այդ կադրերն արված են լողավազանի մոտ`  մեծ հեռավորությունից: Լուսանկարների հեղինակը դրանք առաջարկել է բրիտանական հրատարակչություններին, սակայն վերջիններս հրաժարվել են:

Վերջերս թագավորական ընտանիքը մեկ այլ սկանդալում էր հայտնվել. ամերիկյան TMZ կայքը հրապարակել էր մերկ արքայազն Հարրիի լուսանկարները`արված Լաս Վեգասի խնջույքի ընթացքում: Մեծ Բրիտանիայում այն տպագրել էր Sun թերթը: Այն ժամանակ դեպքը դատական պարզաբանման հարց չէր դարձել, քանի որ արքայազնի մարդկացից թերթին բողոք չէր ներկայացվել: