«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից մոտ 60 մլն դոլարը կհատկացվի այս տարի:

Այդ մասին հունվարի 13-ին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ հանդիպմանը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ անցած տարեվերջին հայտարարվել է ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի նախագծային աշխատանքների իրականացման մրցույթ: Նախագծային աշխատանքների փաթեթներն արդեն ներկայացվել են, եւ դրանք ներկայումս գնահատման փուլում են: Փաթեթների գնահատումից հետո կհայտարարվի շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ:

Առաջին փուլով նախատեսվում է վերակառուցել Երեւան-Աշտարակ միջպետական ճանապարհահատվածը, եւ ճանապարհային անվտագնությանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարել Երեւան-Արարատ ճանապահի վրա: Նախարարը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն այս տարի:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը հայտնել է, որ Հայաստանի ճանապարհաշինության, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաեւ իրանական կազմակերպությունները: Դեսպանը չի բացառել, որ ավտոմայրուղու որոշ հատվածների ֆինանսավորման համար կմասնակցեն նաեւ իրանական բանկերը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը, նախարար Գ.Սարգսյանը տեղեկացրել է, որ հունվարին կհայտարարվի երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների իրականացման մրցույթ եւ, ամենայն հավանականությամբ, ապրիլին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը, որից հետո կսկսվեն այդ աշխատանքները:

Հանդիպման վերջում երկու կողմերի միջեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն անցկացնել հունվարի վերջին` Երեւանում: