ՉԺՀ փոխնախագահ Սի Ցզինպինը վերջին երկու շաբաթում առաջին անգամ երեւացել է հանրության աչքին: Նա սեպտեմբերի 15-ի առավոտյան այցելել է Չինաստանի գյուղատնտեսական համալսարան` գիտության տարածման ազգային օրվա շրջանակում: Սի Ցզինպինի այցի մանրամասները գործակալությունը չի հաղորդում:

ՉԺՀ-ի փոխնախագահը հասարակության մեջ չէր հայտնվել սեպտեմբերի 1-ից: Նրա մասնակցությամբ միջոցառումները կամ հետաձգվել էին, կամ էլ Սի Ցզինպինին փոխարինել էին ՉԺՀ-ի ղեկավարության այլ անդամներ: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել նրա բացակայությունը, նշում է «lenta.ru»-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ցզինպինի երկարատեւ բացակայություն տարբեր լուրերի առիթ էր դարձել: Որոշ աղբյուրներ հայտնել էին վթարի ենթարկվելու  մասին, մյուսները դա կապում էին քաղաքական  պայքարի հետ:
Լուրեր էին շրջում նաեւ, որ Սի Ցզիպինի դեմ մահափորձ է կատարվել: Չինական իշխանությունները արգելափակել են Weibo միկրոբլոգում քաղաքական գործչի հետ կապ ունեցող բառերի որոնումները:

Ինչպես սպասվում է, հոկտեմբերին Կոմունիստական կուսակցության համագումարին Սի Ցզինպինը կնշանակվի Չինաստանի նոր առաջնորդ: