Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» զորավարժանքների մասնակիցներին (ֆոտոռեպորտաժ):

«Պատասխանատվության եւ բավարարվածության մեծ զգացումով բացում եմ զորավարժանքները»,- սեպտեմբերի 15-ի բացման արարողությանը հայտարարել է նա` հավելելով, որ զորավարժանքներն անցկացվում են համատեղ միջոցառումների ծրագրին համապատասխան:

Նրա խոսքով` ներկա զորավարժանքները նշանակալի են ռազմաքաղաքական կյանքում: Սա 2012թ. ԱԱՀՈՒ-ի կարեւորագույն իրադարձությունն է:

Սա հարթակ է ԱԱՀՈՒ տարբեր ուժերի եւ միջոցների փոխգործակցության մշակման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով` ԱԱՀՈՒ-ի ստեղծումը, որի կազմը հասնում է 20 հազարի, նշանակալի իրադարձություն դարձավ, իսկ նախորդ զորավարժանքները ցույց են տվել, որ ԱԱՀՈՒ-ն լավ ներուժ ունի: «Սա տարածաշրջանային ուժ է, որն ընդունակ է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքները», -նշել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ 2012թ. հոբելյանական է` Հավաքական անվտանգության պայմանագրի 20 եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 10-րդ տարեդարձն է:

 «Մեր գործընկերությունը, որն այժմ նոր մակարդակի է դրվում, հարուստ պատմություն ունի, վաղեմի, փառավոր ավանդույթներ», - ընդգծել է Օհանյանը` վստահություն հայտնելով, որ զորավարժանքների ընթացքում կմշակվեն բոլոր հարցերը եւ փոխգործակցության նոր մակարդակի կհասնեն: «Բոլոր ստորաբաժանումները պատրաստ են զորավարժանքներին», -  ամփոփել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են  ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները, որոնք անցկացվում են  «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: ՀԱՊԿ ԱԱՀՈւ հավաքական ուժերի հրամանատարը գեներալ-մայոր Կամո Քոչունցն է:

Զորավարժություններին կմասնակցի մոտ երկու հազար մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Ի պատիվ զորավարժությունների բացման` դեսանտայինները զորավարժարանի վրանային ճամբարի տարածքում պաշտոնական բացման արարողության տրիբունայի առջեւ պարաշյուտիստների դասակի ցուցադրական վայրէջք կիրականացնեն` պարաշյուտային  ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:

Սեպտեմբերի 15-19-ը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստորաբաժանումները կյուրացնեն Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի կիրառման հարցերը: Այսպես, սեպտեմբերի 15-17-ը  զորավարժությունների  ղեկավարությունն ու  ԱԱՀՈՒ  կառավարման մարմինները  կմշակեն եւ կծրագրավորեն համատեղ գործողությունները:  Սեպտեմբերի 17 –ին  գլխավոր փոձարկումների ընթացքում կիրականացվի ԱԱՀՈՒ հրամանատարության  փոխգործակցության մակարդակի եւ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոնտինգենտի ստորաբաժանումների կարգավորվածության ստուգում:

Ուսումնամարտական առաջադրանքի կատարման պրակտիկ գործողությունների փուլը կանցկացվի սեպտեմբերի 19-ին: Պայմանական հակառակորդի ագրեսիան  ետ մեղելու պրակտիկ գործողություններն աչքի կընկնեն բարձր ինտենսիվությամբ եւ մանյովրներով ու կանցկացվեն ավիացիայի եւ հրետանու աջակցությամբ, այդ թվում`  կիրառելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Ավարտական փուլում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման  եւ արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման հատուկ գործողությունների զորավարժություններ կանցկացնեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարմինների  (ՆԳՆ, ԱԻՆ, փրկարար ծառայություններ) ստորաբաժանումները` ռազմական հատուկ նշանակության ջոկատի աջակցությամբ: Զորավարժություններին մասնակցում են նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի  ներկայացուցիչները: