Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին թիկնապահ Նիկոլայ Մելնիչենկոն պնդում է, որ ձայնագրություններ ունի, որոնք կարող են վկայել Յուլիա Տիմոշենկոյի մասնակցությունը աղմկահարույց սպանությանը: Հիշեցնենք, 2000թ. լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությունից հետո Մելնիչենկոն դարձյալ ձայնագրություններ էր հրապարակել, որոնք իբր արվել էին պետության ղեկավարի աշխատասենյակում:
Մելնիչենկոն պնդում է, որ 1996թ. Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությունը պատվիրել էր նախկին վարչապետ Պավել Լազարենկոն, իսկ սպանության համար վարձը վճարել էին Յուլիա Տիմոշենկոն եւ Պյոտր Կիրիչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մելնիչենկոն այդ մասին տեղեկատվությունը տեղադրել է Facebook-ի իր էջում:
Նա նաեւ հայտնել է, որ Յուլիա Տիմոշենկոյի ամուսին Ալեքսանդրն իրեն առաջարկել է փոխել ցուցմունքները եւ ձայնագրությունը կեղծելու միջոցով սպանության մեղքը գցել Վիկտոր Յանուկովիչի վրա:
Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանին եւ նրա կնոջը սպանել էին 1996թ. նոյեմբերի 3-ին Դոնեցկի օդանավակայանում, հանցագործներին հաջողվել էր փախչել: Իրավապահները հայտարարել էին, որ քաղաքական դրդապատճառն իբրեւ հիմնական վարկած չեն դիտարկում:
Հիշեցնենք, օգոստոսի սկզբին Մելնիչենկոյին ձերբակալել էին Իտալիայում: Նեապոլի դատարանը քննարկում է նախկին թիկնապահի արտահանձնման հարցը, Մելնիչենկոն ինքը հրաժարվել է Ուկրաինա մեկնել:
Նիկոլայ Մելնիչենկոյին կասկածում են պետական գաղտնիքը հրապարակելու եւ փաստաթղթերը կեղծելու մեջ:





























