Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքմենստանում   Կանադայի դեսպանատները սեպտեմբերի 13-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ հայտարարություն են տարածել:

«Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործի շուրջ զարգացումներից, մասնավորապես նրա ներման որոշումից  ու անցանկալի տարաձայնություններից, որոնք ծագել են այդ որոշման արդյունքում:

Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում համապատասխան միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության բարձրացման եւ խաղաղ գործընթացում կառուցողական ավանդի ներդրման համար:

Կանադան աջակցում է ներկայիս խաղաղ գործընթացը եւ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են տարածաշրջանային համագործակցությանը եւ հաշտեցմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թ. քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին եւ դատապարտվել ցմահ ազատազրկման,  Հունգարիայում 8 տարվա ազատազրկումից հետո արտահանձնվել էր Բաքու, որտեղ նրան ազատել եւ հերոսի կոչման էին արժանացրել: