«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ազգային ժողովի առաջին քառորյային շատ լավ ստարտ է տվել, քանի որ բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով` ամեն ինչ դեռ առջեւում է եւ աշնանային նստաշրջանում դեռ կլինեն առիթներ, որպեսի հանրությունը, եւ ԲՀԿ-ին ընտրողները տեսնեն ԲՀԿ-ի պատգամավորների համարժեք քաղաքական քայլերը, հայտարարությունները եւ կատարած աշխատանքները:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` նա նշեց, որ այդ մասին ԲՀԿ-ն կխոսի այն պատեհ պահին, երբ հարմար կգտնի: «Այսինքն` այս մասին հաջորդ դասին»,- ավելացրեց Վահան Բաբայանը: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը մեր հասարակության մեջ: Նրա կարծիքով` ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է լավին լավ է ասում վատին վատ եւ ելնելով այդ սկզբունքից, որեւէ խնդիր չունեն համագործակցելու տարբեր քաղաքական ուժերի հետ: «Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի մասնակցությանը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի համար կազմակերպված բողոքի ակցիային, նշեմ, որ նա ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է եւ բնական է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում նա պետք է մասնակցի»,- ասաց Վահան Բաբայանը:




























