Սեպտեմբերի 15-ին Հարավային Կորեայում ավելի քան 30 հազար մարդ է մասնակցել Միասնության եկեղեցու հիմնադիր Մուն Սոն Մենի հուղարկավորման  արարողությանը: Իշխանությունների տվյալներով, հրաժեշտի արարողությանը, որը տեւել է 2 շաբաթ, ընդհանուր թվով մասնակցել է 180 հազար մարդ: Մուն Սոն Մենը մահացել է թոքերի բորբոքումից սեպտեմբերի 3-ին` 92 տարեկան հասակում:

Սգո արարողությունը տեղի է ունեցել Կապխեն մարզադաշտում, որտեղ  տեղավորված է Միասնության եկեղեցու գրասենյակը:

Հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերում ցուցադրվել է եկեղեցու գրասենյակի շուրջ տեղադրված մեծ էկրաններով:

Ինչպես գրում է «lenta.ru»-ն, Միասնության եկեղեցին Մուն Սոն Մենը հիմնադրել է 1954 թ-ին` որպես հիմք ընդունելով քրիստոնեական կրոնը: Միասնության եկեղեցին Հարավային Կորեայում եւ այլ երկրներում ունի  7 միլիոն հետեւորդ:

Միասնության եկեղեցու ամենանշանակալի արարողություններից մեկը  զանգվածային պսակադրություններն են, որոնցից առաջինը Մուն Սոն Մենը իրականացրել է 1960 թ.:  Նման արարողությունների ժամանակ ամուսնանում են անծանոթ մարդիկ:

Միասնության եկեղեցու հակառակորդները կրոնական այս կազմակերպությանը աղանադավորական են անվանում, մեղադրում են մարդկանցից գումարներ շորթելու  եւ Մուն Սոն Մենին կուռք դարձնելու մեջ: