«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնանկության հարց չի բարձրացրել: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով` վարչապետի վերաբերյալ եղել է կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունը, որում ամեն ինչ ասված է: «Առաջիկա գործընթացներում դուք ինքներդ կտեսնենք իրադարձությունների զարգացումը: Բայց կարող եմ հիշեցնել, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել կառավարության ծրագրին` ելնելով մեր 500 հազար ընտրողների կարծիքից եւ ելնելով այն քաղաքական եւ տնտեսական իրավիճակից ,որը առկա է մեր երկրում»,- ավելացրեց Վահան Բաբյանը:
Հարցին, թե արդյոք նա վարչապետի փոփոխության հարց չի տեսել ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ, նա պատասխանեց. «Վարչապետի փոփոխության կամ ոչ փոփոխության հարցը ասված է ԲՀԿ մամուլի խոսնակի հայտարարության մեջ:: Դրան այլ հայտարարություն կամ քաղաքական, այլ քայլ չի հետեւել, իսկ եթե դուք ուզում եք իմանալ հաջորդական քայլերը, դա ցույց կտա ժամանակը: Մեր գործընկերները բոլորը ասել են, որ այդ տեսակետը եւ կարծիքը արտահայտվել է կուսակցության մամուլի խոսնակի հայտարարության մեջ»: Դիտարկմանը, թե ինքը ցանկանում է ասել, որ մամուլի խոսնակի հայտարարությունը կուսակցության պաշտոնական հայտարարությունը չէ՞, նա ավելացրեց. «Կուսակցության մամուլի խոսնակի հայտարարությունը չի կարող չլինել կուսակցության կարծիք»:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե իրենք կողմ են վարչապետի փոփոխությանը, ինչին պատասխանել էին մի շարք ՀՀԿ-ականներ:





























