Լիտվայի խորհրդարանում` Սեյմասում, տեղի է ունեցել Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական, գիտության, մշակույթի, սպորտի ականավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ, հայ համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից: Լիտվա-Հայաստան ֆորումը նպատակաուղղված է ակտվիացնելու Լիտվայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ կապերը մշակույթի, արվեստի, հասարակական դիվանագիտության, սպորտի, տնտեսական ոլորտներում:
ԱԳՆ-ից հայտնեցին, որ բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Լիտվայի Սեյմասի անդամ Դանգուտե Միկուտյենեն, Սեյմասի անդամ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահ Ալգիս Կաշետան, Լիտվայի հայտնի դերասան Յուոզաս Բուդրայտիսը, Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վալդեմարաս Ռազումասը, Լիտվայի գործարարների միության նախագահ Ռոբերտաս Դարգիսը, Լիտվայի Սեյմասի անդամ, Եվրախորհրդարանի անդամ Յուոզաս Իմբրասասը, ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ֆորումի համակարգող, իրավաբան Արմեն Հայրապետյանը: Ֆորումի ստեղծման հռչակագրին միացել են լիտվական հասարակության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արքեպիսկոպոս Կարդինալ Սիգիտաս Տամկյավիչուսը, Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասը, Հաղորդակցության նախարար Էլիգիյուս Մասյուլիսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ Յուստատ Պալեցկիսը եւ Զիգմանտաս Բալչիտիսը, Վիլնյուսի Համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Յուոդկան, պատմաբան Ալֆրեդաս Բումբլաուսկասը, բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը, երգչուհիներ Իրենա Միլկեվիչուտեն եւ Հասմիկ Գրիգորյանը, դերասան Րեգիմանտաս Ադոմայտիսը, չմշկող Պովիլաս Վանագասը, ռեժիսյոր Մարատ Սարգսյանը, հայտնի ուռուցքաբան Կարապետ Բաբայանը, դիզայներ Սերժ Գանջումյանը եւ այլք: Միջոցառմանը դեսպան Արա Այվազյանը Լիտվայի Սեյմասի անդամ Յուստինաս Կարորսասի այրիին հանձնել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հետմահու պարգեւատրված ՀՀ ԱԺ Պատվո մեդալը` Հայաստանի եւ Լիտվայի միջպետական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացման եւ հայ ու լիտվացի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում զգալի ավանդի համար:




























