Գերմանական հովվաշունը անհետացել էր տիրոջ մահից հետո, իսկ հետո կրկին գտնվել է վերջինիս գերեզմանի մոտ: Կապիտան անունով հովվաշունը փախել էր 2006թ.` արգենտինացի տիրոջ` Միգել Գուզմանի մահից հետո: Որդին` Դամիան Գուզմանը, հիշում է, որ հայրը Կապիտանին իրեն նվիրել է 2005թ.` իր 13-ամյակի կապակցությամբ, սակայն հոր հանկարծամահությունից հետո շունն անհետացել էր:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Գուզմանի ընտանիքը փնտրել է Կապիտանին եւ երբ արդեն կարծում էին, թե սատկել է, թաղումից մեկ շաբաթ անց մայրն ու որդին տեսել են նրան գերեզմանոցում:
«Շանը երբեք մեզ հետ գերեզմանոց չենք տարել: Գաղտնիք է, թե ինչպես է նա կարողացել տեղը գտնել»,- պատմել է տիկին Գուզմանը:
Կապիտանը նրանց հետ տուն չի վերադարձել: Հետագայում եւս տուն տանելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, եւ շունը մնացել է գերեզմանատանը: «Նա հսկում է հորս»,- ասել է որդին, գրում է MIGNews-ը:





























