Facebook-ի կողմից որոնման սեփական համակարգը ծրագրավորելու մասին լուրերը հաստատվել են: Դրանք հաստատել է հենց Մարկ Ցուկերբերգը` TechCrunch համաժողովի ժամանակ: «Facebook-ի մտադրությունը մեկն է` պատասխանել մարդկանց հուզող հարցերին: Ինչ-որ պահի մենք դա կանենք: Մենք ունենք մարդիկ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Առայժմ պարզ չէ, թե ինչպիսին կլինի որոնողական նոր համակարգը, սակայն ենթադրվում է, որ դրանում հաշվի կառնվեն Ցուկերբերգի կողմից նշված պահանջները: Նա ասել էր, թե շատ համակարգեր հստակ հարցման համար հազարավոր տարբերակներ են ներկայացնում, այն դեպքում, երբ մարդիկ միայն մեկ պատասխան են ակնկալում, հաղորդում է 3DNews-ը:
Բացի այդ, Ցուկերբերգը նշել էր, թե, օգտագործելով սոցիալական ցանցի որոնումը, օգտատերերն օրական ավելի քան 1 մլրդ հարցում են անում:
Ժամկետների մասին Facebook-ի ղեկավարը ոչինչ չի ասել:





























