Հռոմի Պապ Բենդիկտոս 16-րդն արդեն ժամանել է Լիբանան, եւ այժմ ընթանում են նախատեսված միջոցառումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նա նշեց, որ Պապը պետք է այցելի նաեւ Լիբանանի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանին պատկանող Զմմառ տաճար, որտեղ կսրբագործի հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ տեղադրված Հակոբ Մեղապարտի հուշարձանը: «Այն բավական հին եկեղեցի է եւ վկայում է հայերի` Լիբանանում հնուց հաստատվելը, նաեւ հայկական մշակութային կենտրոն է, այնտեղ կան բազմաթիվ տեղացիներ, որոնք համագործակցում են հայկական ծրագրերի, կենտրոնների ղեկավարների, նաեւ Հայաստանի Մատենադարանի հետ»,- նշեց նա: Դրանից հետո Լիբանանում Հայ կաթոլիկ եկեղեցու սեղանատանը նախատեսվում է ճաշ, որից հետո կլինի ուղերձ:
Նրա խոսքով` սա հատուկ նշանակության այց է հայ կաթոլիկ համայնքի համար: Հռոմի Պապի այցի նպատակներից մեկը նաեւ Միջին Ասիայում խաղաղ գոյակցության կոչն է, ինչի արդյունքում այս այցն արդեն պատմության մեջ մտել է «Խաղաղության ուխտագնացություն» անվամբ:
«Սա նաեւ Միջին Արեւելքի քրիստոնեական եկեղեցիներին որոշ չափով թափ հաղորդելու քայլ է, քանի որ նրանց ուղղվածությունը տարածաշրջանում հեռանկարային է, նոսրանում են համայնքները, կարծում եմ` այդ առումով նշանակություն ունի»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմ Պապ Բենեդիկտոս 16-րդը սեպտեմբերի 14-16-ը կայցելի Լիբանան: Այցի շրջանակներում Պապը կայցելի նաեւ Զմմառ, որտեղ կսրբագործի հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ տեղադրված Հակոբ Մեղապարտի հուշարձանը: Այնուհետեւ Հայ կաթոլիկ եկեղեցու սեղանատանը ընթրիք տեղի կունենա Լիբանանի հայրապետների եւ եպիսկոպոսների մասնակցությամբ: Այցի ընթացքում Բենեդիկտոս 16-րդը հանդիպում կունենա նաեւ Մեծի Տանն Կլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Այցի ավարտին Հռոմի Պապը կդիմի Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմաններին եւ քրիստոնյաներին` նրանց կոչ անելով ապրել խաղաղության մեջ եւ փոխադարձ հարգանքով ու սիրով վերաբերվել միմյանց:




























