«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակներից մեկին`Նակուլա Բեսլի Նակուլային  Քալիֆորնիայում կանչել են հարցաքննության` դատվածությունից հետո փորձաշրջանի կանոնները խախտելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Associated Press-ի լրագրողները նախկինում բացահայտել էին, որ ֆիլմի ռեժիսորը հրեա Սեմ Բեյսիլ անունով մեկն է, ում որպես ուրվական էին բնորոշել: Նրանք պարզել էին, որ այս անվամբ հանդես է գալիս ոմն Նակուլա Բեսսլի Նակուլան:
Ինչպես բացահայտել են ամերիկյան Gawker պարբերականի լրագրողները, Նակուլա Բեսլին եղել է ֆիլմի պրոդյուսերը, իսկ ֆիլմը նկարահանել է Ալան Ռոբերթս անունով մեկը, ով հայտնի է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի իր մեծ փորձով:

YouTube-ում հոլովակի ի հայտ գալուց հետո դերասաններից ոմանք հայտարարել են, որ իրենց  հրավիրել են նկարահանվել հին արեւելքի մասին «Անապատի զինվորը» անունով ֆիլմում եւ որ սցենարում Մուհամեդ մարգարեի  անունը ոչ մի անգամ չի նշվել: Այդ ամենը հայտնվել է  հետնկարահանման աշխատանքների ժամանակ:  Նակուլան չի հերքում ֆիլմի ստեղծման աշխատանքների իր մասնակցությունը, սակայն պնդում է, որ ինքը չէ ռեժիսորը, թեեւ անձամբ ճանաչում է նրան:

Լրագրողները բացահայտել են, որ 2010 թ. Նակուլան Քալիֆորնիայում  21-ամսյա ազատազրկման  եւ մոտ  800 դոլարի տուգանքի էր դատապարտվել` բանկի նկատմամբ խարդախության համար: Նա 5 տարի իրավունք չուներ օգտվել համակարգչից կամ համացանցից

YouTube-ում ֆիլմի հայտնվելուց հետո մահմեդական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ եւ անկարգություններ են սկսվել, որոնց արդյունքում մարդկային զոհեր եւ տուժածներ կան: