Միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման եմենյան բջիջը ամբողջ աշխարհի մահմեդականներին կոչ է արել այրել դեսպանատները եւ սպանել դիվանագետներին: Կոչն արվել է ի նշան ԱՄՆ-ում ստեղծված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի:
Խմբավորման հաղորդագրությունում ասված է, որ մահմեդականները պետք է հետեւեն «Օմար ալ Մուխթարի սերունդների օրինակին, որոնք Բենգազիում սպանել էին ԱՄՆ-ի դեսպանին»: «Թող դեսպաններին արտաքսելու քայլը մահմեդական երկրները ԱՄՆ-ի գերիշխանությունից ազատագրելու քայլ դառնա», - հայտարարել են իսլամիստները: Ըստ նրաց` ԱՄՆ-ում նկարահանված ֆիլմը «իսլամի դեմ խաչակիրների շարունակվող պատերազմի մասն է», հաղորդում է dni.ru-ն:
Հիշեցնենք, Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են տեղի ունենում մահմեդական միանգամից մի քանի երկրներում: Բողոքի ցույցերն առավելագույն լարվածության են հասել Եգիպտոսում եւ Եմենում, ելույթներ են եղել նաեւ Սուդանում, Պակիստանում եւ Բանգլադեշում: Լիբիայի արեւելքում գտնվող Բենգազի քաղաքում արմատականները գրոհել էին ԱՄՆ-ի հյուպատոսության շենքը եւ սպանել չորս մարդու, այդ թվում` ամերիկյան դեսպանին:





























