Հայաստանում ՀԱՊԿ-ի  ԱԱՀՈւ  «Փոխգործակցություն-2012 զորավարժությունների ընթացքում առաջին անգամ անօդաչու թռչող սարքեր կօգտագործվեն:

Այդ մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, ասուլիսի ընթացքում հայտնել են «Մարշալ Բաղրամյան»  զորավարժարանից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժությունները կմեկնարկեն  սեպտեմբերի 15-ին եւ կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 19-ը:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլեւի խոսքով, զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ-ի  6 երկրների ուժային կառույցների մոտ 2 հազար ներկայացուցիչներ: Զինվորականներից բացի, մասնակցում են հատուկ ծառայությունների, ԱԻՆ-ի ներկայացուցիչներ եւ ոստիկաններ: Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցեն նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Զորավարժությունների ընթացքում կկիրառվի 500 միավոր տեխնիկա, այդ  թվում`  զրահատեխնիկա, 50 միավոր թնդանոթ, 200 մեքենաներ, 1500 միավոր հրազեն:

Զորավարժությունների սցենարով` Հայաստանի տարածքը բաժանված է երեք մասի (պայմանական անվանումներով), որոնցից մեկում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը ստիպված է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը: Զորավարժությունները կընթանան երկու փուլով` տեսական եւ գործնական: