Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները եւ ՀՀ ԳԱԱ նախագահը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Կառավարության հետ այս ձեւաչափով հանդիպումներ ունենալու նախաձեռնությունը հենց նախագահինն է եւ նա նա մտադիր է պարբերաբար այդպիսի խորհրդակցություններ հրավիրել: «Մեր խնդիրները, մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թեւերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահի ներածական խոսքից հետո, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Զեկույցում հանգամանորեն ներկայացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ապակենտրոնացված գնումների գործընթացում առկա համակարգային եւ կազմակերպչական բնույթի խնդիրները: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եզրակացությամբ՝ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երեւույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից եւ սկզբունքներից: Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները, բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնման ընթացակարգեր:
Նախագահն իր խիստ դժգոհությունն է արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից, ընդգծելով, որ արձանագրված երեւույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի տվյալ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով եւ լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե հակառակը:
Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հանձնարարել է, որպեսզի յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի եւ աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու: «Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ»,- դիմելով ներկաներին՝ ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության ու հատկապես` դեղերի շուկայի վերահսկողության եւ այլն, խնդիրներ կան կապված եւ՛ գնումների, եւ՛ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ: Նա ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը խստորեն հանձնարարել է լուրջ զբաղվել այս խնդիրներով: «Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ոչ ձեւական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում եւ շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,- խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերը կառավարությունում հանգամանորեն կքննարկվեն, եւ նախագահին կներկայացվի նշված խնդիրների լուծման միջոցառումների ժամանակացույց: «Այն բոլոր գնահատականները, որ Դուք տվեցիք, պարո՛ն Նախագահ, սթափեցնող են եւ պարտադրում են մեզ բոլորիս էական փոփոխություններ կատարել մեր աշխատանքներում, եւ մենք այդ ամենն անպայման կիրականացնենք»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:











