Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով «Սաֆարովի գործին»: «Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում: Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարեւոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ: Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին եւ նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ եւս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել: Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տեւական բլոկադայի մեջ պահող հարեւան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա` դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված եւ հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է եւ ընթացքի մեջ է: Միեւնույն ժամանակ, կարծում եմ նաեւ, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաեւ աջակցել այս գործընթացին:
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ եւ չենք հապաղելու: Ստորությունը եւ սուտը չեն անցնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2004 թ-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրրգեն Մարգարյանին, ինչի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Սակայն այս տարվա օգոստոսի 31-ին մարդասպանը Հունգարիայի կողմից արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ներում էին շնորհել: Այդ դեպքերից հետո Հայաստանը կասեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան եւ նրան ներում շնորհելը ողջ աշխարհի քննադատությանն է արժանացել, Հայաստանում եւ սփյուռքահայ համայնքներում բողոքի բազմաթիվ ցույցեր են անցկացվել:




























