Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս վիճակը մեր բաց վերքն է եւ մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին եւ իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի եւ միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը մեր ցավն է: Մերձավոր Արեւելքում եւ արաբական պետություններում տեղի ունեցողը` մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, եւ այլեւս մարդիկ չզոհվեն մեր հարեւան եւ բարեկամ Սիրիայում: Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ եւ համակարգված, կարողանան համարժեք արձագանքել եւ որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում: Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորեք ամենայն ուշադրություն եւ, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց: Մեծապես կարեւորում եմ առավելագույնս դյուրացված ձեւով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում եւ պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը:
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է: Իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ մենք հետեւում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաեւ պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ եւս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում:
Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն եւ նեցուկ դառնան նրանց»,- ասել է նախագահը:





























