Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի առաջացրած անկարգությունները հասել են Ավստրալիա: Սիդնեյում ամերիկյան դեսպանատան առջեւ հավաքվել է մի քանի հարյուր հոգուց բաղկացած ամբոխ` բողոք հայտնելով աղմուկ բարձրացրած սիրողական ֆիլմի դեմ:
Հանրահավաքից հետո նրանք շարժվել են դեպի քաղաքի կենտրոն, որի ժամանակ բախումներ են եղել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ութ մարդ ձերբակալվել է, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նշենք, որ «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը աղմուկ է առաջացրել մահմեդական երկրներում: Հակաամերիկյան ակցիաներ են տեղի ունեցել Եմենում, Սուդանում, Թունիսում, Պակիստանում: Սրանք շարունակվում են Եգիպտոսում, իսկ Լիբիայում ավարտվեցին ամերիկացի դիվանագետների սպանությամբ:





























