Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Միշել Ռիվազին մեկնաբանել է Եվրախորհրդանի կողմից Ռամիլ Սաֆարովի գործով ընդունված բանաձեւը` դատապարտելով այդ բանաձեւում Ադրբեջանի նկատմամբ վճռական գործողությունների բացակայությունը: Իր կայքում նա նաեւ կտրուկ քննադատության է ենթարկել Ադրբեջանի եւ Հունգարիայի գործողությունները:
Ադրբեջանի գործողությունների եւ ղարաբաղյան հակամարտության վրա դրանց հետեւանքների առնչությամբ եվրապատգամավորը հայտարարել է. «Հայտնի է, որ Ադրբեջանում Սաֆարովին նրա դատապարտաման պահից գովերգում էին եւ համարում ազգային հերոս, ուստի ակնհայտ էր, որ նա ազատ կարձակվի` հենց ոտք դնի երկիր... եւ որ նախագահ Ալիեւը իր ժողովրդին հետեւյալ ուղերձն է ուղարկում. մորթեք հայերին ու դուք կդառնաք ազգային հերոսներ: Սրա պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնություն էսկալացին չի նպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի ջանքերին:
Ադրբեջանի նման որոշումը արդարադատության մերժում է եւ միջազգային կոնվենցիայի ամոթալի ոտնահարում, այն դեպքում, երբ Ադրբեջանը, թվում է, տվել էր Սաֆարովին կալանքի տակ պահելու երաշխիքներ»:
Միշել Ռիվազին դատապարտում է նաեւ Հունգարիայի գործողությունները. «Սաֆարովի արտահանձումը եվրոպական սկանդալ է, եվ Եվրախորհրդարանը չկարողացավ գնահատել Հունգարիայի դեմ մեղադրանքի լրջությունը: Վիկտոր Օրբանտի պատասխանատվությունը ենթակա է դատապարտման. Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը անհրաժեշտ էր Ադրբեջանի կողմից
2 - 3 մլրդ եվրոյի հունգարական պարտատոմսերը գնելու համար: Նողկալի է: Այսինքն, մարեք մեր պարտքը ձեր նավթադոլարներով, եւ մենք կփակենք մեր աչքերը»,-նկատեց պատգամավորը:
Նա նաեւ կոչ արեց Եվրախորհրդարանին ավելի վճռական գործել. «Մենք հասարակական կազմակերպություն չենք. Եվրախորհրդարանը պետք է իշխանություն դրսեւորի եւ նման ծայրահեղ իրավիճակներում վճռական միջոցառումներ ձեռնարկի»,- ընդգծեց նա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին «Ադրբեջանի հարցով բանաձեւ. Ռամիլ Սաֆարովի գործ» 2012/2785(RSP) համարի բանաձեւ էր ընդունել:





























