Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը, անկասկած, օբյեկտիվության եւ արդարության ուղղությամբ կարեւոր քայլ է: Այս մասին «Analitika.at.ua»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԳԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը:
Նա զարմանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ բանաձեւը ոչ բոլոր պատգամավորներն ու երկրներն են պաշտպանել: «Եթե Բաքվի արձագանքը մարդասպանի արտահանձնմանը կանխատեսելի էր, ապա հունգարական իշխանությունների գործողությունները դժվար է հասկանալ: Ինչով էին նրանք ղեկավարվում` նման սադրանքի գնալով: Հունգարիան բավականին խոշոր եվրոպական երկիր է, որն ունի անհրաժեշտ հետախուզական եւ վերլուծական ծառայություններ եւ բավական լավ գիտի Ալիեւի իրական դեմքը:
Ուստի պետք է դատապարտել ոչ միայն ադրբեջանական գործողությունները, այլեւ հունգարական իշխանություններին»,- հայտարարել է փորձագետը: Նա նաեւ իր կարծիքն է հայտնել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:
«Ի՞նչ խաղաղ կագավորման մասին կարող է խոսք լինել սպառազինությունների մրցավազքի, Թուրքիայի, Իսրայելի եւ ԱՄՆ օգնությամբ Աղրբեջանի արագացված միլիտարիզացիայի եւ պրն Ալիեւի, ինչպես ինքն է ասում, Ստեփանակերտում իր քաղաքացիների հետ բանակցություններ վարել չցանկանալու պարագայում»,-ասաց Իվանովը` ավելացնելով, որ «չնայած Սաֆարովի արտահանձնման մասին ընդհանուր առմամբ դրական բանաձեւին, Եվախորհրդարանը նմանվում է ոչ ավելի, քան քննարկման հարթակի, եւ իր մեղմաշունչ բանաձեւերով չի կարող բոլոր հարցերին պատասխան տալ` կանխելու համար տարածաշրջանում նոր բռնության բռնկումը: Ստեղծված իրավիճակում թե Հունգարիան, թե Եվրախորհրդարանը պատասխանատվություն են կրում Բաքվի սադրիչ գործողությունների համար»:




























